Գեղեցիկ, հաճելի զրուզակից ու ժպտերես Նարինե Թուխիկյանի այցը Հարթակ ակումբ դարձրավ իրական, սպասում էին դասավանդողները, սովորողները, նամանավանդ փոքրիկները, ովքեր տեղավորվել էին կողքին ու հերթ չէին տալիս ոչ մեկին, իրենց հարցերի խուրջիններով հեղեղել էին հարթակը՝ սիրեցին, կապվեցին Թումանյանին այդքան մոտ գտնվող տիկնոջը։ Մանկուց հնեագետ դառնալու երազանքով համակված, բայց բախտի բերմամբ լրագրող տիկ․ Թուխիկյանը կարծում է, որ իր երազանքն իրականացել է  թանգարանային աշխատանքում, պրպտողական ու արխիվային հետազոտություններում։

<<Հնեագիտական>> հետաքրքիր պատմություններ լսեցինք՝ նամանավանդ խորդանոցում՝ բոլորովին վերջերս հայտնաբերված խորհրդավոր ֆրանսիական աթոռների մասին, իրականացող երազների ու թումանյանական ոգու ներկայության մասին, որ հաճախ զգում են Թումանյանի սենյակում, այն որ Ամենայն հայոց բանաստեղծը ուղորդում է իրենց, աջակցում է ամեն նոր նախաձեռնված գործին։ Թումանյանը թանգարանում է, Թումանյանը շոյում է ամեն այցելուի սիրտը, ընդունում ու ճանապարհում է․․․

Մշտապես իր այցելուներից գոհ՝ գեղեցկադեմ Թուխիկյանը վերջում հորդորեց ներկաներիս թումանյանական խոսքով՝  Քայլ անել, քայլ դեպի առաջ, եթե ոչ դու, ապա՝ ո՞վ, քայլն անել  արդարամիտ, խղճով ուղորդվելով, լինել հոգևոր, այլ ոչ՝ բնազդային, նայել քո մեջ՝ ներսդ․․․